Հայկական մուլտֆիլմերն արդեն կարող եք «հագնել»․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»
Նարեն 16 տարեկան է։ 14 տարեկանից բիզնես գաղափար ուներ, որը ժամանակի ընթացքում ինչ ասես տեսավ; Էլ հաջողություն, էլ ձախողումներ, էլ մոտիվացիայի պակաս էլ գաղափարների մեծ հոսք։ Այնքան խմորվեց, որ դարձավ այնպիսի բիզնես գաղափար, որն այլևս հաջողել է ու հետ դարձի ճանապարհ չունի։ Համլետն էլ Նարեից մեկ երկու տարով է մեծ։ Նարեն բիզնեսի հիմնադիրն է, իսկ Համլետը զբաղվում է բիզնեսի SMM ով։ Արդեն հայկական մուլտֆիլմերը կարող եք «հագնել»։ Նարեն կարծում է, որ դրանք իրենց հետաքրքրությամբ ու իմաստով ոչնչով չեն զիջում դիսնեյի մուլտֆիլմերին։ Ուստի, եթե հագնում ենք այդ մուլտհերոսների պատկերներով հագուստներ, ինչու՞ չհագնենք մեր մուլտհերոսների պատկերներովը, այդպես հայտնի ու էլ ավելի սիրված կդառնանք նրանք։
Ինչ-որ ընթացքում Նարեի բիզնեսը դադարել է գործել։ Պատճառները հայտնի չեն, Նարեն մեզ ոչինչ չասաց, բայց անկեղծացավ, որ այո, հեշտ չէ այդ տարիքում նման ծավալի աշխատանք կատարել՝ առանց մեծերի օգնության։ Նարեի թիմում բացի երիտասարդներից աշխատում են նաև տարիքով մեծեր։ Դերձակներն են։ Նարեն էլ, Համլետն էլ փաստում են, որ տարիքային տարբերությունը չի խանգարում գործի մեջ, ընդհակառակը՝ մարդիկ փորձ ունեն, որոնք փոխանցում են մեզ, մենք էլ սովորում ենք, ասում են։
Հայկական մուլտհերոսները հայտնվում են հագուստի վրա՝ իրենց բնորոշ թևավոր խոսքերով կամ էլ մի քիչ փոփոխված։ Նարեն ասում է, որ իրենք առաջինն են Հայաստանում, ովքեր որոշել են մուլտֆիլմերի հերոսներին այդ ձևով բերել առօրյա։
Թե ինչ ծրագրեր ունեն հետագայում, նախընտրում են չխոսել, այլ ցույց տալ։
Բայց մի բան հստակ է երկուսի դեպքում էլ՝ մնալու ենք Հայաստանում, ինչ էլ լինի։