Իմ օրինակը

Անի Ավագյանի օրինակը

Ֆրանսիայում ծնված և մեծացած Անի Ավագյանի ընտանիքում Հայաստան վերադառնալու խոսակցություններ հաճախ են լինում։ Հայկական միջավայրն անգամ Փարիզում են փորձում պահպանել, տանը միշտ հայերեն են խոսում, իսկ ահա գրել–կարդալ հայկական վարժարանում է սովորել։ Անին մասնագիտությամբ հոգեբան է, արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում է ապրում։ «Դեպի Հայք» հիմնադրամի աջակցությամբ կամավորում է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման կենտրոնում»։

Լուսանկարը՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման կենտրոնի» ֆեյսբուքյան էջից

Այս կենտրոնը ծերանոց չէ,– ասում է Անին ու հավելում, որ տարեցները մի քանի ժամով կրտվում են առօրյա հոգսերից, երգում ու պարում են, կարպետ գործում և ամենակարևորը՝ շփվում միմյանց հետ։ Երբ նոր էր սկսում կամավորական աշխատանքը մտածում էր, թե այդ տարիքում դժվար կլինի նոր բան սովորել, բայց տատիկ– պապիկները հակառակն են ապացուցել։ Անին պատմում է, որ իր համար էլ է հետաքրքիր աշխատել նրանց հետ, ոչ միայն ինքն օգնում, այլև հենց նրանցից է ինչ որ բաներ սովորում և առավել ոգևորվում է, երբ զգում է՝ կատարած աշխատանքն արդյունք է տվել։
Կամավորական աշխատանք Անին Ֆրանսիայում էլ է կատարել, բայց ծիծաղով նկատում է, որ այստեղ միջավայրն այլ է, ինքն ավելի սրտանց է աշխատում, քանի որ տարեցները կարծես իր հարազատները դարձած լինեն։ Բացի կենտրոնից, Անին ևս 2 տեղ է կամավորում՝ Մարալշյան ֆոտոստուդիայում և «Ինտրա» հոգեբանական կենտրոնում։

Լուսանկարը՝ Անիի ֆեյսբուքյան էջից

Մեկ տարի Անին կամավորելու է Հայաստանում, Ֆրանսիա կվերադառանա մագիստրոսական կրթությունը հոգեբանական ոլորտում շարունակելու նպատակով։ Հետո մտադիր է կրկին վերադառնալ հայրենիք և մասնագիտական նոր գիտելիքներն ու հմտություններն այստեղ գործի դնել։  Ֆրանսիայում շատ հարազատներ ու ընկերներ ունի, որոնց կարոտում է, չնայած դրան այսօր ուրախ է, որ հայրենիքում է ու կարողանում է օգնել իր կարիքն ունեցող մարդկանց։

Ցուցադրել ավելի
Back to top button