Սյուզաննա Թեյմուրազյանի օրինակը
Սյուզաննան Թեյմուրազյանը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին է։ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով մեկուկես տարի առաջ է Երևանից գործուղվել։ Հիշում է, երբ առաջին անգամ մտավ դպրոց, թե ուսուցչական անձնակազմը, թե աշակերտները զարմանքով էին նայում ֆիզկուլտուրայի աղջիկ ուսուցչին։ Ինքն էլ սկզբում մտավախություն ուներ, որ գուցե դժվար լինի ինտեգրվել միջավայրին կամ չհասկանա բարբառը, բայց դրանք փոքրիկ դժվարություններ էին, որոնք փուլ առ փուլ հաղթահարեց։ Պատմում է՝ երբ ինքն էր դպրոցում սովորում, այդքան էլ չէր սիրում ֆիզկուլտուրան։ Հիմա, երբ ինքն է դասավանդում, փորձում է տարբեր հնարքներով հետաքրքիր անցկացնել դասերը։
Ակնաղբյուրում խմբակները գրեթե չկան,– ասում է Սյուզաննան և հավելում՝ այդ էր պատճառը, որ անցած տարվա մարտից որոշեց սպորտային պարերի խմբակ ստեղծել։ Ամռան ամիսներին շատերն էին գալիս, բայց, ցավոք, հիմա դահլիճը չի ջեռուցվում, և ստիպված են դադարեցնել պարի դասերը։ Ինքը սպորտային պարերի ֆեդերացիայի անդամ է և ուրախությամբ է նկատում՝ երեխաները ոգևորությամբ են այցելում դասերին, մեծ պոտենցիալ ունեն։ Մինչև եղանակները կտաքանան, Սյուզաննան ձեռքերը ծալած չի նստի, հիմա էլ թատերական խմբակ է բացել երեխաների համար։
Մասնագիտությամբ կինեզիստ Սյուզաննան Ֆիզիզկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն է ավարտել, այժմ դասավանդմանը զուգահեռ մագիստրատուրայում է շարունակում ուսումը։ Մանակավարժական առաջին փորձը նոր հնարավորությունների ու ինքնաբացահայտման շրջան է դարձել։ Աշխատում է չթերանալ ո՛չ դասավանդման, և ո՛չ էլ ուսման մեջ։
Ակնաղբյուր համայնքի բնակիչներից մեկի տանն է ապրում, ասում է՝ հարազատ թոռնիկի պես են վերաբերվում իրեն և ընդհանրապես՝ գյուղում և դպրոցում ջերմության պակաս չի զգում․ բոլորը սիրալիր ու հոգատար են։ Սյուզաննան մայիսին կավարտի դասավանդումը։ Վստահ է՝ որևէ բան փոխելու համար պետք է սկսել կրթությունից, սիրելով ու աջակցելով միմյանց կարող ենք օգնել, որ յուրաքանչյուրն իր ոլորտում հաջողության հասնի։