Միքայել Նազարենկոյի օրինակը
Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից, լուսանկարիչ Միքայել Նազարենկոն պատերազմական յուրաքանչյուր օրվա մասին խոսում է մեկ լուսանկարով։ «1080 ժամ» է անվանել նախագիծը, որով երիտասարդ լուսանկարիչը պատմում է կռվի ոչ թե կատաղի, այլ խաղաղ պահերի մասին։
«Չհանձնվող զինվորը՝ ռմբակոծված հարթավայրում կապերը սպասարկելիս», «Ճանապարհի դեպի․․․․», «Պահմտոցի»․ ահա նման վերնագրերով է Միքայելը նկարագրել յուրքանչյուր լուսանկար։ Ասում է՝ դրանցից և ոչ մեկը չի կարող առաձնացնել, քանի որ ամեն մի կադրի հետեվում մի ամբողջ պատմություն է խտացված։
«1080 ժամ» ֆոտոնախագիծը սեպտեմբերի 27–ին ցուցադրվեց Նկարինչների միությունում։ Միքայելը պատմում է, որ սկզբում մտածում էր` դեռ պատրաստ չէ լուսանկարներն ու 6 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմը, որը նկարահանել էր պատերազմի ընթացքում և դրանից հետո, ներկայացնել հանդիսատեսին, բայց հասկացավ՝ ժամանակն է խոսել այն խաղաղ ակնթարթների մասին, որոնք մեկ լուսանկարով պատմության են վերածվել։ 1080 ժամը ոչ թե 44, այլ 45 օր է։ Միքայելն ասում է՝ պատերազմի 44–րդ օրը ոչ բոլորն են անմիջապես իմացել, որ կռիվն ավատվել է, այդ իսկ պատճառով ֆոտոնախագիծը պայմանականորեն այդպես է անվանել։
Հայ–ռուսական համալսարանում է սովորում Միքայելը, բայց շուտով ուսումը կշարունակի Ռուսաստանի համալսարաններից մեկի կինոռեժիսուրայի բաժնում։ Նպատակը մեկն է՝ զարգացնել մասնագիտական հմտություններն ու նոր գաղափարներով, գիտելիքներով զինված աշխարհին պատմել հայկական հարուստ մշակույթի մասին։ «1080 ժամ»–ը նրա 3–րդ ցուցահանդեսն էր։ Անկեղծանում է՝ լուսանկարչությունն իր կյանքում մեծ տեղ ունի, ֆոտոխցիկը դեռ մանկուց ձեռքից չի գցել։
Միքայելը համոզված է՝ ցանկացած երևույթ, անգամ պատերազմը կարող է ունենալ լուռ ու խաղաղ կողմեր։ Եթե շատ ժամանակ ունենար ավելի շատ կնկարեր, քանի որ իր տեսածն ու զգացածն ավելին էին, քան մեկ լուսանկարը։