Անժելա Իգիթյանի օրինակը
Լոռու մարզի Բլագադարնոյե գյուղից է Անժելա Իգիթյանը: Իրենց բակին հարակից երկաթե տնակը նա վերածել է արվեստանոցի, դռան վրա էլ գրել՝ մի գնա․ ուզում է, որ իր ստեղծած անկյունում ավելի շատ հյուրեր լինեն, հետաքրքիր ժամանակ անցկացնեն։ Արդեն 4 տարի է, ինչ ստեղծագործում է արվեստանոց–տնակում։ Գյուղը փոքրիկ է, այնտեղ բոլորն արդեն գիտեն, թե՛ Անժելայի, թե՛ իր երկաթե տնակի մասին։ Երբ գյուղում հյուրեր են լինում անպայման այցելում են նրան։
Մասնագիտությամբ տնտեսագետ է Անժելան, սովորում է Վանաձորի պոլիտեխնիկական համալսարանի վերջին կուրսում, բայց իրեն տնտեսագիտությունը չի ձգում։ Ցանկանում է ուսումը նկարչության, դիզայնի կամ էլ ճարտարապետության ուղղությամբ շարունակել, դեռ հստակ չի որոշել։ Պատմում է, որ նկարչությամբ 14 տարեկանից է հետաքրքրվում։ Սկզբում դիմանկարներ էր անում, արտատպում հայտնի նկարիչների աշխատանքները։ Որպեսզի տանը ոչ ոքի չխանգարեր և ինքն էլ կարողանար հանգիստ ստեղծագործել, տեղափոխվում է երկաթ, բայց ջերմ ու հյուրընկալ տնակ։
Նկարելուց երաժշտություն չի լսում, ասում է՝ խանգարում է, սկսկում է ստեղծագործել երաժշտության հիման վրա։ Իսկ երբ չի ստեղծագործում, ապա ռոք է լսում։
Անժելան չի վախենում իր երազանքների հետևից գնալ, ասում է պետք է լսել սրտիդ ձայնին, ոչ թե` ինչ կմտածեն ուրիշները։