Գոռ Գալստյանի օրինակը
Մասնագիտությամբ իրավաբան Գոռ Գալստյանին մանկավարժության նկատմամբ սերը տարավ Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան համար 11 դպրոց։ Ասում է՝ միշտ ցանկացել է Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում դասավանդել, ծանոթանալ գյուղական կյանքին: «Դասավանդիր Հայաստան» ծրագրով 5 շաբաթ վերապատրաստվելուց հետո որպես ֆրանսերենի ուսուցիչ գործուղվել է Վաղարշապատ։ Գոռը պատմում է, որ սկզբում դժվար էր ընդգրկվել նոր միջավայրում, բայց օգնության են հասել աշակերտներն ու քաղաքային էքսկուրսիաներով ծանոթացրել տեսարժան վայրերին։
Գոռի և աշակերտների միջև ստեղծվել է ընկերական հարաբերություններ, որպես ավագ ընկեր հաճախ հենց իրենից են խորհուրդ հարցրել, կամ երբ ինքն է նկատել, որ երեխաներից մեկը խնդիր ունի առաջինն է մոտեցել։ 2 տարվա ընթացքում դասավանդել է 5–ից 9–րդ դասարաններում, ստեղծված փոխվստահության մթնոլորտի շնորհիվ դասավանդման ընթացքում երբեք խնդրի չի բախվել։
Ամփոփելով 2 տարիները Գոռն ասում է, որ այդ ընթացքում սովորել է դժվարությունները միայնակ հաղթահարել, ծանոթացել է լուսավոր մարդկանց հետ, որոնց և ինքն է սովորեցրել, և իրենցից է սովորել։
Թե՛ դիպլոմով թե՛ փորձով արդեն մանկավարժ է, բայց որքան էլ, որ սիրում է իր աշխատանքն ու աշակերտներին, պետք է առաջին մասնագիտության հետքերով գնա։