Արմինե Ղոնյանի օրինակ
Գունազարդ, կտորե ձեռագործ գրքեր է պատրաստում մասնագիտությամբ լրագրող, մանկավարժ Արմինե Ղոնյանը։ Պատմում է, որ երեխաների համար զարգացնող գրքերի վրա սկսել է աշխատել ուսուցչական գործունենությանը զուգընթաց, երբ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով Արցախի դպրոցներում մեկում դասվար էր աշխատում։ Արմինեն ասում է՝ մանկավարժական 2 տարիները կարծես փորձաշրջան էին իր համար` հասկանալու թե ինչի կարիք ունեն երեխաները, ինչպես են սովորում, որ դետալներին են ուշադրություն դարձնում։ «Բեռնարդ թոյս» է անվանել իր ստեղծած ապրանքանիշը։
Արմինեն ծնվել է Կապանում, սովորել Երևանում, աշխատել Արցախում, հիմա էլ ապրում ու աշխատում է Լոռու մարզի Գուգարք գյուղում։ Սկզբում կտորե գրքերը միայնակ էր կարում, իսկ երբ պատվերները շատացան գյուղի հարևաններից մեկին սովորեցրեց կարել և արդեն միասին են աշխատում։ Տան ամենալուսավոր ու տաքուկ անկյունը նրա աշխատասենյակն է։
Հիմնականում դրական կարծիքներ է լսում ծնողներից, իսկ երբ տեսնում է ինչպես են երեխաները սիրով թերթում կտորե գրքի էջերը, շոշափում կոճակներն ու հետաքրքրությամբ նայում կենդանիներին, աշխատելու, կատարելագործվելու մեծ ուժով է լիցքավորվում։ Հիմա արդեն փոքրիկների համար նոր խաղալիքներ է պատրաստում:
Լոռվա գողտրիկ բնության գրկում իր անկյունն է ստեղծել Արմինեն ու զբաղվում է սիրելի գործով։ Ասում է՝ երեխաների համար խաղալիքներ պատրաստելը հաճելի և պատասխանատու աշխատանք է, որը չի թողնում կտրվել մանկությունից ու տարվել առօրյա հոգսերով։