Իմ օրինակը

Վաչե Վարդանյանի օրինակը

Արցախյան 44–օրյա պատերազմից հետո Վաչե Վարդանյանը Երևանում թողնելով իր աշխատանքը որոշեց տեղափոխվել Արցախ: Ասկերանի շրջանի արդեն սահմանամերձ դարձած Սարուշեն գյուղում կիսավեր մի տուն գտավ, Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ վերանորոգեց և սկսեց ապրել այնտեղ:
Գյուղը թշնամու հետ ընդհանուր ճանապարհ է կիսում՝ Հադրութից Շուշի: Վաչեն պատահական չի ընտրել հենց այդ գյուղը․ասում է` պետք է ապրել այնտեղ, որ սահմանը չթուլանա։ Սարուշենցիների հետ շատ դժվարություններ են հաղթահարում, բայց չեն մտածում գյուղը լքելու մասին։

Արցախում մի քանի ուղղություններով է աշխատում Վաչեն: Այդ ամենը համակարգելու, արագ ու արդյունավետ դարձնելու համար Ֆեյսբուքում «Ամուր սահման» խումբն է բացել: Այնտեղ համախմբվել են այն մարդկիկ, որոնք հետաքրքրված են Արցախի ապագայով, ցանկանում են որևէ կերպ օգնել: Ոչ միայն պատերազմի օրերին այլև դրանից հետո պետք է լինել հայրենիքի, բանակի կողքին,-ասում է Վաչեն:

Լուսանկարը՝ Վաչեի ֆեյսբուքյան էջից

Նրա մյուս նախաձեռնությունը շարժական գրադարանն է: Մեքենայի մեջ խնամքով դասավորելով ընկերների նվիրած գրքերը, շրջում է տարբեր համայնքներով, զինվորներին, սահմանապահ գյուղերի երիտասարդներին գրքեր տալիս, որոնք ընթերցելուց հետո վերադարձնում են: Վաչեն ցանկանում է գրադարանը համալրել նոր հրատարակություններով:

Շարժական գրադարանը

Մեկ ամիս առաջ ֆեյսբուքում մի վիդեո տարածվեց, զինվորական հորը կորցրած փոքրիկ Նարեի անկեղծ խոսքը հուզեց բոլորին: Նրան օգնելու համար Վաչեն դրամահավաք կազմակերպեց, որին մասնակցեցին աշխարհի տարբեր անկյուններից և արդյունքում հավաքվեց 4 886 591 դրամ: Արցախի կառավարությունը կվերանորոգի նրա տունը, իսկ հավաքված գումարը Նարեի մայրիկի հետ որոշել են աղջկա անունով ավանդ դնել բանկում, որը նա կկարողանա ստանալ 18 տարեկանը լրանալուց հետո։

Վաչեն և Նարեն

Իհարկե Վաչեի կատարած աշխատանքի ու նոր ծրագրերի մասին երկար կարելի է պատմել: Ասում է՝ մինչև պատերազմը մտադիր էր կրթությունն արտասահմանում շարունակել, բայց այս պահին չի կարող խոսել ապագայի մասին որպես անհատ: Արցախում կապրի այնքան ժամանակ, որքան իր կարիքը կլինի…

Ցուցադրել ավելի
Back to top button