Անի Գյադուկյանի օրինակը
Անին սիրով ու նվիրվածությամբ է խոսում իր աշակերտների, մանկավարժական գործունեության մասին։ Դասավանդման նոր մեթոդներով, հետաքրքիր ու զարգացնող առաջադրանքներով փորձում է ակտիվ անցկացնել դասաժամերը։ Անին Վանաձորից է, սովորել է Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժնում։ 2018 թվականին ընկերների խորհրդով միացել է «Դասավանդիր Հայաստանի» առաջնորդության ծրագրին և արդեն 3 տարի է, ինչ Ստեփանավանի համար 2 դպրոցում տարրական դասարանի ուսուցչուհի է աշխատում։
Լուսանկարը՝ Անի Գյադուկյանի ֆեյսբուքյան էջից
Մինչև Ստեփանավանի դպրոցում դասավանդելն Անին արդեն 5 տարվա մանկավարժական փորձ ուներ, բայց որոշել էր փոխել մասնագիտական ոլորտը և գործի էր անցել ֆինանսավարկային համակարգում։ Այդ ընթացքում հասկացել էր, որ մանկավարժության նկատմամբ կարոտն ամեն օր ավելի ու ավելի է մեծանում։
Առողջ ու կիրթ հասարակության հիմքերը դրվում են դպրոցից։ Նման հասարակությունն է մեր վաղվա օրվա, լուսավոր ապագայի երաշխավորը, ուստի յուրաքանչյուրս ենք պատասխանատու բանիմաց, գիտելիքահեն ու հայրենասեր սերնդի կրթման գործում, –ասում է Անին։