IT շաբաթ․ Հայ պատանիները պլաստիկ վերամշակող սարք են ստեղծել
Մտերիմ ընկերներ՝ 17-ամյա Արմեն Խաչատրյանը և 15-ամյա Ժորա Շահբաբյանն իրենց ընկերությունն ամրապնդում են նաև ՏՏ ոլորտում տարբեր նախագծեր իրականացնելով։ Տղաները մոտ 3 տարի է ինչ սովորում են Վեդիիի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ Արմենը Վեդիից է, հետաքրքրվում է 3D մոդելավորոմամբ, ռադիոինժեներությամբ, վեբ ծրագրավորմամբ, քարտեզագրությամբ, Ժորան՝ Արարատ քաղաքից, ուսումնասիրում է ինժեներությունը։ Տղաներն իրենց ստեղծած նախագծերից ցանկանում են առանձնացնել պլաստիկ վերամշակող սարք, որի օգնությամբ շշերը թելի են վերածում և տարբեր նպատակներով օգտագործում։
Տղաների ստեղծած պլաստիկ ավելը
Որպեսզի պլաստիկ վերամշակող սարքը ճշգրիտ գործի, Արմենն ու Ժորան նախագծման ժամանակ բազմաթիվ մեխանիզմներ են ուսումնասիրել: Ասում են՝ քաղաքում պլաստիկ աղտոտվածությունը շատ է, հավաքելով շշերը մարքում են բնությունը, իսկ վերամշակելով՝ 2–րդ կյանք տալիս պլաստիկին։
Մյուս կարևոր նախագիծը ձեռքի պրոթեզն է, որի վրա այժմ աշխատում են: Պատերազմի հետևանքով բազմաթիվ երիտասարդ տղաներ կորցրել են իրենց վերջույթները, այդ էր պատճառը, որ որոշեցին ստեղծել այնպիսի պրոթեզ, որը կհեշտացնի նրանց կյանքը։