Միքայել Սիմոնյանի օրինակը
Բազմերանգ թելերը, կտորն ու ասեղը 23 ամյա դիզայներ Միքայել Սիմոնյանի ձեռքին վերածվում են յուրօրինակ հագուստների: Մոդելավորման նկատմամբ սերը իջևանցի երիտասարդի մոտ առաջացել է դեռ մանկուց, երբ իր խաղալիքների համար կտորից, թղթից հագուստ էր կարում։ Նրա խոսքով՝ ստեղծագործական աշխատանքն իր տարերքն է, մինչև նորաձևության աշխարհ մուտք գործելը երգարվեստով է զբաղվել։ Հետո UWC Դիլիջանի միջազգային դպրոցում սովորել։ Որոշ ժամանակ անց կրթությունը նրան տարել է ԱՄՆ Լյութեր քոլեջ և հենց այնտեղ էլ հասկացել է, որ իր ամենամեծ հետաքրքրությունը նորաձևությունն է։
Չորս տարի սովորելուց և աշխատելուց հետո վերադարձել է Իջևան, ստեղծել «Միշա» հագուստի բրենդը։ Միքայելն ընդունվել է Փարսոնս Փարիզ դիզայներական ամենահայտնի համալսարներից մեկը, կրթությունն երկու տարի այնտեղ շարունակելու համար դրամահավաք է նախաձեռնել, քանի որ հավատում է՝ կրթությունն իր առջև նոր դռներ է բացելու։