Գևորգ Թորոսյանի օրինակը
Սյունիքի մարզի Ույծ գյուղից է երիտասարդ մեղվաբույծ Գևորգ Թորոսյանը։ 2015 թվականից զբաղվում է մեղվապահությամբ, ասում է՝ այս գործում հաջողելու համար շատ կարևոր է աշխատասիրությունը, ինքդ քո ու աշխարհի հետ ազնիվ ու ներդաշնակ լինել կարողությունը։ Մեղվաբուծության նկատմամբ սեր ու հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ մասնակցել է երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացման դասընթացներին և ստացած փոքրիկ դրամաշնորհով երիտասարդների համար մեղվաբուծական դասընթացներ կազմակերպել։ Մեղուների խորհրդավոր աշխարհում հմտացած Գևորգը սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պետական ինստիտուտում։ Դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում։ Երկու աշխատանքն էլ սիրով է կատարում և հաճախ նմանեցնում է դրանք, քանի որ արդյունքի հասնելու համար երկուսի դեպքում էլ կարգապահ ու աշխատասեր պետք է լինել։