Հայհոյանք. 21-րդ դարի քաղաքականության շարժիչ ուժը
Լյուսի Հարությունյան
Ասում են, հայհոյանքն առաջացել է որպես ծիսակարգային սրբազան լեզու, որով մոգերն օրինակ բերքն էին առատացնում, կամ անձրև բերում: Քրիստոնեության ընդունումից հետո այն դարձել է արգելված երեւույթ, ապա ժողովրդական բանահյուսության շնորհիվ վերականգնել իր մոգականությունը: Իսկ վերջին շրջանում դարձել քաղաքական կոմունիկացիայի լիարժեք միջոց:

Սամվել Մարտիրոսյանը հայկական՝ սկզբից բլոգոլորտի ապա ֆեյսբուքի հնաբնակներից է: Տարիներ շարունակ ուշադիր հետևում է քաղաքականությանը և մերձքաղաքական խոսույթին: Հիշում է այն բարի ժամանակները, երբ ասենք լայֆ ջորնալի մեկնաբանություններում գրված հայհոյանքը կարող էր իսկական պատերազմի վերածվել: Հիշում է նաև այն շրջանը, երբ հրապարակային հայհոյանքը սկսեց արտառոց չդիտվել:
Էլէկտրիկ Երեւանի ժամանակ հայհոյանքը մշակութաբանական տիրույթ մտավ: Առաջինը հիշեցնեմ օրինակ Էլէկտրացանցերի տնօրեն Բիբինի անունը: Վիքիպեդիայում նույնիսկ հոդված էր հայտնվել, որտեղ գրված էր, որ Բիբինը դա արական օրգանի հոմանիշն է: Դե երկար չմնաց և հեռացվեց: Այն ժամանակ նաև զուգահեռ կրթության նախարարի հետ դեպք եղավ, որը փաստացի էլի նմանատիպ մի երևույթ առաջացրեց:
Արմեն Աշոտյանը մեր երկրի քաղաքական գործիչներից հրապարակայնորեն, իսկ ավելի ճիշտ պողոտայորեն ամենահայհոյվածն է: Էլեկտրիկ Երևանի հայտնի դրվագի ժամանակ Բաղրամյան պողոտայում հազարավոր մարդիկ էին հավաքված: Պետք է արժանին մատուցել պարոն Աշոտյանի և՛ նյարդերի ամրությանը, և՛ հումորի զգացմանը: Ամենևին տարօրինակ չէր լինի, եթե նա առհասարակ հրաժարվեր խոսել այս մասին: Հատուկ շնորհակալություն:
Չեմ ուզում դրա մասին խոսել, փաստը մնում էր փաստ որ ես ունեցա խիզախություն: Ամբողջ իշխանության նկատմամբ բացասական լիցքերը, որոնք նաև ամրացվել էին նախորդ օրվա բախումներով պարպեցին ինձ վրա: Բայց ես այդ օրը կարողացա նաև կանխել այն բախումները, որ կարող էին լինել ջրցանային օրվա հաջորդ օրը:
Երբեք պետության որևէ ղեկավար՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանն էլ ներառյալ, իրեն թույլ չի տվել այդպիսի որակական անկումով, այդպիսի բառամթերքով խոսել քաղաքական ընդիմախոսների մասին: Բոլորն էլ ենթարկել են քննադատության իրենց ընդիմախոսներին, բայց դա արել են մաքսիմալ մակարդակով: Պետական հովանավորություն այդ գործելաոճը չի ունեցել:
Մոգերն ու քաղաքական գործիչները նման են: Երկուսն էլ հայհոյանքն օգտագործում են հաղթելու համար: Մոգերի համար հաղթանակը առատ բերքն էր, իսկ քաղաքական գործիչների համար՝ բանավեճը հաղթելու, կամ գոնե հակառակորդին շարքից հանելու փորձ:
Ազատ Արշակյանը քաղաքական մեր վերնախավի առաջին սերնդի ներկայացուցիչ է: Իր համար հայհոյանքը քաղաքականության մեջ բացարձակապես անընդունելի է: Քաղաքական իր սերնդակիցները չէին հայհոյում՝ անգամ Սովետը, որը քաղաքական գործունեության համար Ազատ Արշակյանին 7 տարվա ԳՈՒԼԱԳԻ դատապարտեց:
Ով հայհոյեց դա պարտված կողմ է, դա ոչնչացած է, ուշադրության արժանի չէ:
Դա զենքի տեսակ է կոպիտ ասած: Մենամարտի ժամանակ զենքի տեսակներից մեկն էլ հայհոյելն է. հայհոյելով հակառակորդին հավասարակշռությունից հանել և շահել: Հիմնականում հայհոյողը ինքն է շարքից դուրս գալիս, որովհետեւ հայհոյելը դա քրեական ենթամշակույթ է, քրեականություն է, դա տգեղ է, դա գռեհիկ է, դա անթույլատրելի է, տհաճ է: Ուրեմն պարտվում է, հայհոյողը պարտվում է:
Ի տարբերություն քաղաքականության, սոցցանցերում հայհոյանքը այլ նպատակ ունի: Այստեղ չեն հայհոյում հաղթելու կամ պարտվելու համար, այստեղ հայհոյանքի առաքելությունը արտահայտած մտքին սուր և ազդեցիկ երանգ տալն է:
Կարծում եմ էսպես լուրջ քննարկումների, այսինքն զանգվածային հայհոյանքի կիրառումը մտավ հայաստանյան ցանց շուտվանից, բայց ուղղված էր Ադրբեջանին: Ապրիլյանի ժամանակ սա շատ մեծ վերելք ունեցավ: Ու հետո մտավ ներքաղաքական դաշտ նույն թվականի ամռանը, ՊՊԾ գունդ, Սասնա ծռեր, այս առճակատումը: Երեւի թե դա առաջին փուլն էր, երբ դառը, բիրտ հայհոյանքները սկսեցին բացահայտ գրվել, ընդհուպ նաև կանանց կողմից օգտագործվել:
Ի տարբերություն սոցցանցերի օգտատերերի, քաղաքական գործիչների արտաբերած յուրաքանչյուր բառ շատ արագ ֆիքսվում է մեր հիշողության մեջ, հայհոյանք լինի դա թե Աստվածաշնչից մեջբերում:
Հիմա քաղաքական մշակույթի մի կարևոր մաս է հայհոյանքը: Մեր Ազգային ժողովում մենք ունենք ձայնագրություններ ամենացածր, բանտախցի մակարդակի հայհոյանքներ կան: Ազգային ժողովի դահլիճը կարծես թե քրեականների հավաքածուի տեղ է, ռազբորկայի տեղ է:
Քաղաքական գործիչը երբ պարտվում է պետք է արժանապատվորեն պարտվի, այ այսպիսի խնդիր կա: Ճիշտ այն չափով, որ չափով, որ քաղաքական գործիչները կունենան արժանապատվություն, ուրեմն այդ չափով էլ հայհոյանքը մեր քաղաքական հարթակից դուրս կմղվի:
Ազատ Արշակյանը քսաներորդ դարի քաղաքական դպրոցի ներկայացուցիչ է: Նրա համար միևնույնն է, որ «քֆուրով վիդեոները» հատկապես քաղաքական գործիչների մասնակցությամբ ցանցում ամենաշատ դիտումներն են հավաքում: Դիտումներ հավաս է վարկանիշ՝ սա արդեն 21-րդ դարի բանաձևերից է:
Իսկ գուցե արժեր մնալ քսաներորդ դարում, որտեղ քաղաքական բովանդակության բացակայության համար, պարզապես ներողություն էին խնդրում, այլ ոչ թե այն քողարկում հայհոյանքով: