Մասնագիտությունների էվոլյուցիա․ Ռոբոտն ընդդեմ մարդու
Արուսյակ Կապուկչյան
1997 թվական: Կարո Ջուլավյանը վերջին անգամ նստում է սարքի առաջ, մատները հպում ստեղներին: Դադար տալիս: Լարում ուշադրությունը։ Եվս մի վայրկյան և երգեհոնի նման ու երգեհոնի չափ այս սարքից աշխարհում դեռ չլսված երաժշտություն կհնչի։
Կարոն կարդում է իրեն նախապես փոխանցած տեքստը, հավաքում այն ստեղնաշարով։ 3 մետրանոց բարձունքից տառերն ամեն հպման հետ թափվում են ներքև, մտնում «արճիճե ձուլարան»։ Ու մինչ Կարոն հաջորդ նախադասությունն է կարդում՝ արճիճե տողը պատրաստ տեղավորվում է սարքի՝ իրեն բաժին ընկած հատվածում։
Լինոտիպիստը սխալվել չի կարող: Լինոտիպը չի հասկանում Ctrl Z հրամանը:
23 տարի առաջ Կարոն վերջին անգամ տպեց Պետական ակտերի պաշտոնական տեղեկագիրը, անջատեց սարքն ու ծածկեց այն կապույտ սավանով:
Այսօր կարոն որոշեց սարքին հետմահու ապրելու մի հնարավորություն էլ տալ… խողովակներ, մեխանիզմներ, լծակներ… 23 ամյա փոշու տակից տեղ-տեղ փայլում է մետաղը:
Սավանի տակից դուրս եկած լինոտիպը ասես ժամանակի մեքենա լինի 80-ականների գիտաֆանտաստիկ ֆիլմերից:
Լինոտիպով ստեղծված գործերն անմահ են, մինչդեռ լինոտիպիստի գործը, որպես այդպիսին, վաղուց արդեն գոյություն չունի։ Նախորդ դարի 80-ականներին այն ամենահարգիներից էր, լավ մասնագետները՝ հազվադեպ։ Կարո Ջուլավյանը լավագույններից մեկն էր․
«Ասում են՝ գերմանացիները (նրանք են ստեղծել լինոտիպը) սա համարել են աշխարհի ամենաբարդ մասնագիտություններից մեկը։ Երբ կոմպյուտերը չկար՝ էդ ժամանակ գիրք, ամսագիր, ամեն ինչ սրանով էր տպվում։ Հետո, որ համակարգիչը տարածվեց՝ լինոտիպը մոռացվեց, արդեն անցան դրան։ 80 թվից մինչև վերանալը ես աշխատել եմ»,- պատմում է Կարոն։
Լինոտիպի վերջը տվեցին համակարգիչն ու նոր սերնդի թվային տպագրական հաստոցները: Լինոտիպիստ Կարոյի կարիերան ավարտվեց աշխարհի օպտիմալացմանը զուգահեռ։
«Որ անցան կոմպյուտերի՝ դուրս պիտի գայի, գնայի, էն ժամանակ էլ աշխատանք չէր ճարվում, ինձ փոխեցին կազմարարական աշխատանքի։ Հիմի սա էլ վատ մասնագիտություն չի, հանուն կյանքի, հանուն ապրելու անում եմ, բայց իմ համար նա եղել է ուրիշ, իմ ջահելությունը։»
«Ես չեմ սովորել իրավաբանություն, բայց ունեմ պատվիրատու, ով ինձ պատվիրել է իրավաբանական գրասենյակի գործի ավտոմատացում և ես հիմա մի 100 տարատեսակ մասանգետների գործի ու աշխատատեղի վերացման վրա եմ աշխատում, իրանց էլ վարձելով, որպեսզի ինձ սովորացնեն իրանց գործառույթները, որպեսզի դա ավտոմատացնեմ։»
Հատուկ նրանց համար, ովքեր կլսեն այս ռեպորտաժը տասնամյակներ անց ռադիոյի արխիվի կայքից: Ծանոթացեք՝ «Ինսթիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանն է՝ 2020-ին իր աստեղային ժամն ապրող իրավաբանության դեմ մահափորձ կատարողներից մեկը։ Ամենայն հավանականությամբ՝ շուտով կհաջողի։ Վստահ է՝ տարիներ անց մնալու են միայն այն մասնագիտությունները, որոնք իրենց մեջ պարունակում են կամային բաղադրիչ․ եթե մի տեղ կա ընտրություն կատարելու անհրաժեշտություն, ապա դա պիտի անի մարդը։ Թվում է՝ իրավաբանությունը գոնե այս տեսնակյունից անձեռնմխելի է, բայց….
«Մենք մի քիչ լավ չենք կառուցել մեր դատարանը, մենք դատավորին զրկել ենք իր խղճի թելադրանքով որոշում կայացնելու իրավունքից, իրան պահանջում ենք ըստ օրենքի տառի շարժվի։ Առաջ ոնց էր՝ նրան տրվում էր թույլտվություն, որ ինքը որոշի, իր սիրտը իրան հուշի՝ էս երկուսից ով է արդար։ Հիմա մենք դա վերցրել ենք իր ձեռից և հետևաբար արդեն մոտիկ ա էն օրը, երբ մենք կարանք լրիվ ավտոմատացնենք իր աշխատանքը։ Եվ մենք դրա վրա ակտիվ աշխատում ենք։»
Գործընթացը սկսված է․ Քանի դուք լսում եք այս ռեպորտաժը՝ Վահագնը մի խումբ իրավաբանների վճարում է, որպեսզի սպանեն իրենց աշխատանքը։ Բարձակարգ փաստաբանները սովորեցնում են արհեստական բանականությունը դատավոր աշխատել: Շոտով ծրագիրը կհանվի շուկա: Առաջ մարդիկ իրենց գործը սերունդներին էին սովորեցնում, հիմա՝ ռոբոտներին։
«Մեր էս նոր դարաշրջանը մի հատ մասնագիտություն ունի՝ ունակություն օրական 200 էջ կարդալ, մարսել էդ տեղեկությունը, նպատակաուղղված կարդալ, այսինքն ունենալ նպատակադրում, հետո ըստ էդ նպատակադրման որոնում կատարել տեղեկությունների և մարդկանց, իրենց գնել, իրենց գիտելիքը գողանալ, տանել իրականացնել էդ լուծումը և մտցնել շուկա։ Էդ մասնագիտությունն ա մնացել և դա պիտի սովորացնի բուհը։»,- նշում է Վահագնը։
Վահագնը ապագայի մասնագիտությունը սովորեցնում է երեխաներին իր հիմնադրած «Իրական դպրոց»-ում։ Նրանք պիտի սովորեն խոսել՝ առանց հայացքը փախցնելու, ինքնուրույն հարցեր լուծել, իմանալ՝ ինչ են ուզում և գտնել դա:
Նպատակը՝ դառնալ իրերի և գործընթացների տրամաբանությունը հասկացող, համակարգող, ավտոմատացնող կամ դրա ավտոմատացման գործիքները կիրառող մասնագետներ։
Նպատակադրում՝ մեր նոր իրականության կարևորագույն բառը:
«Եթե ինքը ասում ա ես ուզում եմ լրագրող դառնամ՝ դա մի բան ա, եթե ասում ա՝ Հայաստանում լրագրությունը խայտառակ վիճակում ա ես ուզում եմ դա լավացնեմ՝ դա նպատակադում ա։ Էդ մարդը արդեն իրա նպատակին կհասնի, հասկանու՞մ եք։ Ինքը կգնա կգուգլի, լրագրության կուրսերն էլ կգտնի, համեմատական վերլուծություն անել եթե չգիտի՝ կսովորի։»
Փոքրիկը իր ընկերոջ սիրելի միրգն է գուշակում։ Իսկ ընկերը ռոբոտ է։ Ռոբոտը հիմա մի քիչ զբաղված է՝ Ամերիկա է գնացել կարևոր գործով։ Նրան ստեղծողը Էքսպերտ թեքնոլոջի ընկերության ղեկավար Կարեն Խաչիկյանը Ռոբինի մասին այնպես է խոսում, ասես հարազատ երեխայի հաջողություններով պարծենա․
«Ռոբինի գաղափարում ա դրված, որ ինքը ուղղակի սարք չի, ինքը էակ ա, ու էն տեխնոլոգիաները, որը մենք ենք ստեղծում իրեն թույլ են տալիս հույզեր ունենալ, էմոցիաներ ճանաչել։ Մեր նպատակն էր իրան մաքսիմալ «ով» էակի հատկանիշներ տալ։»,- պատմում է Կարենը։
120 սմ հասակ, 20 կգ քաշ, խոշոր աչքեր ու երկար թարթիչներ․ անգամ արտաքինով երեխաների աշխարհից Ռոբինը ապրում է հիվանդանոցում, օգնում երեխաներին միայնակ չզգալ, հաղթահարել երկար բուժման կուրսերից առաջացող տրամադրությունը։
Ռոբինը բժշկական թիմի մի մասինիկն է․ որևէ մեկին փոխարինելու մտադրություն չունի․ կա խնդիր, ստեղծվել է մեկը, ով կլուծի այն։ Կարենը ծերերի խնամքի օրինակով է բացատրում իրավիճակը․ Աշխարհում քիչ չեն տարեցները, որոնք ապրում են մենակ, առանց օգնողի կամ զրուցակցի, հոգատարությունից շատ հեռու․
«Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ իրանք կարող ա ապրեն հենց Ռոբինի հետ, և Ռոբինը իրանց հիշացնի իրանց դեղերը խմել, ասի՝ արի յոգա անենք, որովհետև ժամանակն ա, դիաբետ ունես, ասի՝ գիտես ինչ բժիշկդ զանգում ա, մի հատ խոսա, պատկերացրեցի՞ք։ Հիմա էդ իրականությունն ավելի լավ ու բարի չի՞, քան էն իրականությունը, երբ որ էդ ծերերը մենակ տենց իրանց կյանքը ապրում են։»
Ծերերի խնամքով զբաղվող մարդիկ․ ապագան այսօր է։ Սարքը դեռ չկա, բայց Վահագնի խոսքերը հիշում եք, չէ՞․ կարևորը միտքն է, նպատակադրումը։ Իսկ մենք արդեն գիտենք, որ մարդ-համակարգիչ պատերազմում մարդը հաճախ տանուլ է տալիս։ Ռոբոտ ստեղծողները ևս ապահովագրված չեն․
«Մեր մասնագիտության մեջ զգալի մասն արդեն ավտոմատացված ա, այսինքն մենք էլ ենք սարքում ծրագրեր, որոնք ծրագիր են գրում։ 1960-80 թթ էն ինչով զբաղվում էին ծրագրավորողները, հիմա էդ ավտոմատացված ա, հիմա տենց ծրագրավորում էլ չի արվում։»,-պատմում է «Ինսթիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը։
Եթե Դարվինը մեր օրերում ապրեր՝ հաստատ աշխատանք կունենար․ կզբաղվեր գոյության կռվի նոր տեսություն առաջ քաշելով՝ պայքար մասնագիտական ոլորտում կենսագործունեությունը շարունակելու համար։
Վահագնը չի բացառում իրադարձությունների զարգացման որևէ ընթացք, անգամ․ «Բացառված չի, լրիվ հնարավոր ա և գիտականորեն սխալ չի լինի ասել, որ կարող ա մի օր գա, որ փողոցում քայլով 99 տոկոս էակներից դու մինչև հետները խոսակցության չբռնվեք գոնե մի 20 րոպե չտարբերեք՝ ռոբոտ է, թե մարդ։»
Ռոբոտի հետ մրցակցությունան մեջ հաջողելու շանս այունուամենանիվ կա։
Նպատակադրում՝ մեր նոր իրականության կարևորագույն բառը:
Նպատակադրում ՝ լինել ռոբոտից ավելի լավը՝ չլինել ռոբոտ: