Գիրք գրողը, նորոգողը, գողացողն ու գողացողից գողացողը
Արուսյակ Կապուկչյան
Կարեն Խաչատրյանը վերջիններից մեկն է։ Իր նման էլի կան, բայց կամ շատ տարեց են, կամ գրեթե անտեսանելի։
Կարենի արհեստն այնքան եզակի է, որ անգամ անվանում չունի։
Գնալով պակասում է նաև այն, ինչի հետ Կարենը գործ է ունենում։
Կարենը հնամաշ գրքեր է վերանորոգում։
Ամեն ինչ տեղի է ունենում տանը կամ աշխատավայրում՝ երկար, հնության գույն ունեցող փայտե սեղանի վրա։ Կարենը քանդում է գիրքը, հեռացնում թելերը, սոսինձը, ապա գիրքը նորից հավաքում։
-Լինում է, որ հին գրքից օգտվել են փոքր տարիքից, դրանից օգտվել են նրանց ծնողները։ Լինում է, որ չեն ճարի էլ՝ հին գիրք է, էլեկտրոնային տարբերակը չես գտնում։ Այ էդ կարգի գրքերը շատ արժեք ունեն մարդկանց համար։
Գիրքն արժևորելու մի քանի տարբերակ կա։ Առաջին հերթին այն պետք է ունենալ։ Ավագ սերունդը լավ է հիշում՝ գիրք ձեռք բերելու համար բաժանորդագրվում էին, հերթ կանգնում, դեռ ամիսներ առաջ սպասում վաճառակետերից «մի լավ լուրի»։
«Արեգ» հրատարակչության հիմնադիր Սամվել Գասպարյանը գիրք է տպում նախորդ դարի 70-ականներից սկսած։ Ասում է՝ այն ժամանակ 5000 տպաքանակի հավակնող գիրքն արժանի չէր անգամ տպարան մտնելու․ եթե այդքան փոքր քանակով էին ուզում, ուրեմն վատն է։ 10․000 օրինակով գրքերը ևս վերապահումով էին տպվում, նորման 30, 40, 50 հազարն էր։ Իսկ այսօր տարվա մեջ 1000 օրինակով գիրք տպելն ու վաճառելն արդեն ուրախության առիթ է։
-Բաժանորդագրությունը սահմանափակ էր՝ 50․000, 100․000։ Որոշեցին Պուշկին չսահմանափակել։ Մեկ միլիոն հասավ՝ դադարեցրին։ Տես՝ ինչ ժամանակներ էին, գիրքն ուղղակի թագավոր էր։ Ես 99 թվականին հին պատկերացումներով տպագրեցի մանկական հանրագիտարանը․ 10․000 օրինակով գիրք տպեցի։ Ինձ ասում էին՝ էս ի՞նչ ես անում, 10․000 օրինա՞կ, ասում էի՝ հա, բա ինչքա՞ն անեմ։ Վերջերս՝ մի տարի առաջ վերջացավ։
Մովսես Հարությունյանը գող է։ Ջահել, հավակնոտ, հնարամիտ ու անորսալի։ Դեռ 150 տարի առաջ նրան գուցե կախաղան հանեին․ Գիրքը թանկ ապրանք էր, իսկ գրքի գողը՝ գող։
-Ընկերներս միշտ զարմանում են, որ ես էդ ակտիվությամբ գրքերը հավաքում եմ, գիտեն, որ զբաղվածության բերումով հիմա չեմ կարդում։ Բայց գիրքը չի կորում, մի օր հաստատ մեկնումեկը՝ երրեխեքս, թոռներս, հարևաններս վերցնելու են ու կարդան։
Մովսեսն իրեն հարգող «հանցագործի» պես լրագրողի հետ հանդիպման չի գա․ գերադասում է հեռվից շփվել։
-Ճիշտն ասած էդ գրքերը ես ներկա պահին չեմ կարդում, զուտ հավաքում եմ, հիմա հավաքման փուլն է, բայց վստահ եմ՝ գալու է մի օր, երբ ես նրանց ինչպես խնամքով պահել եմ, այդպես նույն խնամքով բացելու եմ ու սկսեմ ընթերցել։
Մովսեսը գրքեր վերցնելիս անգամ չի կարդում վերնագրերը, նրան հետաքրքիր չէ՝ ինչ կա դրա ներսում, համոզված է՝ գիրքը, անկախ բովանդակությունից, կապիտալ է, որը մի օր անպայման իրեն օգուտ է տալու։ Ասում եմ՝ նույն կերպ կարող ես ավելի հասանելի էլեկտրոնային գրքերի շտեմարան հավաքել, հակադարձում է՝
— Իրականում ոչ մեկ վստահ չի, թե 30, 40, 50 տարի հետո համաշխարհային քաղաքականությունը ինչ փոփոխությունների է ենթարկվելու։ Հնարավոր է՝ էդ ժամանակ նորից չլինեն համակարգիչներ, հնարավոր է՝ էլեկտրոնային ֆորմատը չգործի։ Իսկ գիրքը մնայուն արժեք է, ինչ էլ փոխվի՝ էդ թուղթը, թղթային տարբերակով գիրքը մնալու է։
Իսկ Ծովինար Բանուչյանից գիրք գողանալն անհնար է և անիմաստ։ Ցանկացած մեկը, ով կանի դա, ստիպված է լինելու գիրքը նրա աչքերով կարդալ։ Ծովինարն արտասովոր սովորություն ունի․ նա խմբագրում, լրացնում և մեկնաբանում է կարդացածը հենց բնօրինակի վրայից՝ գրքի էջերին։
-Նշումները իսկապես շատ են, շատ հաճախ ես այս կամ այն պերսոնաժի հետ վիճում եմ, կամ հեղինակի հետ եմ վիճում, իմ կարծիքն եմ գրում կամ պարզապես հիացմունքս եմ արտահայտում և հիմնականում այդ նշումներն արված են գունավոր մատիտներով։
Ծովինար Բանուչյանը գրքի հակագող է։ Ոչ միայն իր ունեցածը սեփական ձեռագրով պաշտպանող, այլև գողից գողացող։ Ու կապ չունի՝ ով է գողը, թեկուզ և հարազատ հայրը։ Գողացված գիրքը պետք է ևս մեկ անգամ գողացվի։
— Ռաբինդրանաթ Տագորի «Պարտիզպանը» իմ գրադրանի ամենակարևոր գրքերից է, եթե չասեմ հենց ամենակարևորը։ Այս գիրքը ես գողացել եմ հայրիկիս գրադարանից։ Պատկերացրեք՝ որքան դժվար է, երբ դու այդ թերթերին չես կարող վերադառնալ պարզապես այն պատճառով, որ այն գտնվում է Երևանում, իսկ դու Փարիզում։
Իսկ հայրս 5-րդ դասարանում դպրոցական գրադարանից է վերցրել ու այլևս չի վերադարձրել։ Նույնիսկ մինչև 9-րդ դասարան իրեն անընդհատ հիշեցրել են, որ պետք է վերադարձնի, թե չէ կտուգանվի։ Ինքը կարողացել է համոզել, փոխարինել այն երեք գրքի հետ և իրեն պահել այս գիրքը։
Ծովինար Բանուչյանը ինքն էլ գրքեր է գրում․ գրքային նրա բալանսը դրական է՝ մեկ գիրք գողացել է, երեքը՝ գրել։
Այսօրվա երիտասարդության՝ 2050-ականների սերնդի համար քառասնամյա վաղեմությամբ այս պատմությունները անհավանական են։ 2020-ին անհանգստացածները չեն պատկերացրել՝ ինչ է լինելու ապագայում։
Շաբաթներ առաջ գրքասերների գաղտնի ակումբում 100-ը վաղուց բոլորած պրն․ Գասպարյանը հայտնեց, որ նախատեսում է Տագորի «Պարտիզպանի» նոր տարբերակը հրատարակել։ Երիտասարդները երջանիկ էին։ Իրենք դա հաստատ չէին ունենա, բայց տարեկան 15 օրինակ գիրք տպագրող երկրի համար ևս մեկ նոր գիրքը ցնցող նորություն էր։ Ակումբի որոշ անդամների արձագանքը, սակայն, տարօրինակ էր։
Կարենը, ով այսօր այդքան տարածված գրանորոգողների մասնագիտության պատմահայրն է, լավ է հիշում դպրոցական գրադարանից գողացված ու պատահաբար վնասված այդ գիրքը։ Մանրամասնորեն էր նորոգել։ Ծովինարը երբեք չի մոռանա դրա էջերում արած իր նշումներն ու չարաբաստիկ պահը, երբ նկատեց՝ գիրքն իրենից էլ են գողացել։ Մովսեսը թոռներին հարյուրավոր անգամներ է պատմել գրքառատ ժամանակների իր վերջին գողության մասին։ Վերջերս սկսեց կարդալ հավաքած հսկայական գրադարանի գրքերը։ Միայն այդ ժամանակ նկատեց ընթերցանությունը անհնար դարձնող հարյուրավոր նշումները։
Բայց անգամ նա է այս պատմությունը ժպիտով հիշում։ Կային ժամանակներ, երբ գիրքը դեռ հասանելի էր, ողջամիտ գին ուներ, երբ մի գրքի տպագրությունն անգամ հարյուրների էր հասնում և այն սովորական էր «գրքի գողը գող չէ» ասելու աստիճան։