Բիթրեյթ. Thundercat ~ It Is What It Is | Կյանքը Մաք Միլլերի մահվանից հետո
Lost in Space / Great Scott / 22-26
Մաք Միլլերի մահը սգաց ամբողջ աշխարհը. հարազատները, երաժիշտ գործընկերներն ու ամենասովորական մելոմանները, որոնցից շատերը հենց մահվանից հետո ավելի լավ ճանաչեցին R&B արտիստին: Միշտ է այդպես: Միլլերի իրական ընկերները, սակայն, թվիթերյան ու ինսթագրամյան հրապարակումներում չէին: Նրանցից շատերը դարձան «կորած Տիեզերքում»: Հենց այդ բառերով էլ իր հուզավիճակը նկարագրում է Thundercat-ը, որի It Is What It Is, կամ «Այն է, ինչ կա» ալբոմն ամենամտերիմ ընկերոջ կորստից հետո ծնված խոսքերի ու ռիթմերի ամբողջություն է:
Innerstellar Love
Ցրտի ու մենակության տրամադրությունից Thundercat-ը միանգամից վերացարկվում է դեպի տիեզերական՝ ձևերից զուրկ իրականություն: Մատերիայի աշխարհում ամենահարազատ մարդուն կորցնելուց հետո, ինչպես սովորաբար է լինում, նրան սկսում է փնտրել իդեայի աշխարհում: Անսահմանության մեջ մի պահ վերգտնելով անհարատև զվարթությունն ու վերերկրային սերը, որի ինստրումենտալ բնութագիրը Քամասի Վաշինգտոնի սաքսաֆոնային պարտիան է՝ Thundercat-ը պատրաստվում է Երկիր վայրէջքին:
I Love Louis Cole (feat. Louis Cole)
Լոսանջելեսյան ֆանք փարթիներից հետո սկսվող տրամադրության, ու դրան անվերջ վերադառնալու ցանկության մասին է հաջորդ թրեքը: Ես սիրում եմ Լյուիս Քոուլին, այսինքն՝ հարվածային գործիքների պարտիայի հեղինակին: Թրեքում կարոտ կա՝ պահը նորից ապրելու, ու ցանկություն՝ այն լավ ընկերոջ հետ կիսելու:
Black Qualls (feat. Steve Lacy, Steve Arrington & Childish Gambino)
Մի քանի ֆիթով Black Qualls-ը կարելի է համարել ալբոմի առանցքային թրեքերից մեկը: Գաղափարը մեկն է. «այլևս վախի մեջ չենք ապրելու»: Սա, իհարկե, վերաբերում է փառքից ու հարստությունից ծնվող տագնապին, որի մասին, եթե «իրենք չխոսեն, ո՞վ կխոսի»: Երգն էլ իր պատկանելությամբ «սևական» է՝ ֆանք-ֆյուժնային ռիթմերով: Childish Gambino-ն իր հատվածում զանգվածային ընկճախտը տարածում է նաև փոքրիկ էկրանների հետևում թաքնվելու ապահովության վրա՝ մատնանշելով ժամանակակից աշխարհի գլխավոր կախվածությունը:
Miguel’s Happy Dance
Միգելի երջանիկ պարը, կամ՝ Thundercat-ի ինքնաներշնչումը, որից կարող է օգտվել նաև լսողը: Երևի թե այս թրեքում հավաքված են այն բոլոր խորհուրդները, որոնք սովորաբար տրվում են ցավի մեջ գտնվող մարդուն, և դրանցից ամենակարևորը՝ ցավի մեջ պարել կարողանալն է:
How Sway / Funny Thing
How Sway-ի նման փոքրիկ ինստրումենտալ հիպերարագ ֆանք-ֆյուժններով անցումները լսողին մի պահ հիշեցնում են Thundercat-ի ոչ մեյնսթրիմ արմատների մասին, իսկ Funny Thing-ը, շարունակելով նույն ռիթմիկ տրամադրությունը, լսողին կրկին տեղափոխում է «սևական փարթիների» էքստազային աշխարհ:
Overseas (feat. Zack Fox)
Այս ալբոմում 80-ականների smooth ֆանք ազդեցություններն ակնհայտ են, և Overseas-ը կարծես նախերգանքը լինի ալբոմի մյուս սինգլի համար: Թրեքում Thundercat-ը մտովի ճամփորդում է զուգընկերոջ հետ աշխարհի տարբեր կետերով, ու պատրանքները հասնում են նաև ինքնաթիռում սիրով զբաղվելուն:
Dragonball Durag
Ալբոմի մյուս առանցքային թրեքը, որը կոչվում է Dragonball Durag, աղջկա վրա «ամեն կերպ ազդեցություն» գործելու մասին է, ինչի համար, ըստ արտիստի, երբեմն պետք է տղայական գլխաշոր կրել: Ամենասովորական ականջն էլ միանգամից կֆիքսի 80-ականների ռիթմերն ու երգեցողության ոճը: Հետաքրքիր է, որ ամեն տասնամյակ «երաժշտական սիրո խոստովանությունների» իր տեսակն ունի, ու Thundercat-ն այս երգով վերադարձնում է սիրո՝ 80-ականների low key հնչողությունը:
How I Feel
How I Feel, կամ ևս մեկ տրանսցենդենտալ թրեք Thundercat-ից, որը կարծես վերադարձնում է ալբոմի սկզբի՝ միջաստղային հնչողությունը և պատրաստում լսողին դրա մոտալուտ ավարտին:
King of the Hill
Հաջորդ երգում Thundercat-ը անդրադառնում է ինքնաոչնչացմանն ու «էժան հաճույքների հետևից գնալուն», որոնց համար սովորաբար հետո թանկ են վճարում: Սա կարծես սթափ հայացք լինի նախորդ թրեքերում ստեղծված թեթև տրամադրությանը: Այն նաև սկիզբն է ալբոմի վերջի, որում ավելի են սրվում կորստի տարբեր կողմերի ու հետևանքների վերաբերյալ թեմաները:
Unrequited Love
Նախորդ թրեքի ինթրոն և աութրոն կրկնում են՝ love, love, love, ու հենց սիրո տարբեր ձևերի բացակայությանն էլ Thundercat-ն անդրադառնում է հաջորդ երգերում: «Անպատասխան սեր» խորագրված այս երգը զղջման, անցած պահերի վերապրման ու կորստի մասին է:
Fair Chance (feat. Lil B & Ty Dolla $ign)
Fair Chance-ը կորստի մյուս կարգից է ծնված: «Ես դեռ կպահեմ քեզ, չնայած դու այլևս այստեղ չես»,- երգում է Thundercat-ը: Սա երգ է ալբոմի տրամադրությունների հիմնական մեղավորի՝ Մաք Միլլերի մասին: Թրեքի յուրաքանչյուր բառի մեջ լսելի է արտիստի մտայնությունն իր կորստի վերաբերյալ: Իրադարձության անփոփոխելիությանը Thundercat-ն ունի մի պատասխան՝ այն է, ինչ կա, ինչպես և ալբոմն է անվանել:
Existential Dread
Ի՞նչ է լինում նման դատարկությունից հետո: Իհարկե, այն լցվում է էքզիստենցիալ սարսափով, և Thundercat-ն ինքն իրեն հիշեցնում է. չգիտի՝ ինչ է լինելու հետո, բայց եթե կարողանա շարունակել ապրել, ինչ-որ պահի ամեն ինչ լավ կլինի:
It Is What It Is
Վերջին երեք երգը կարելի է վերլուծել հետևալ եռափուլով. կորուստ — դատարկություն — համակերպում: Վերջին փուլում՝ ալբոմի անունը կրող թրեքում, Thundercat-ը ամենն ապրելուց հետո մի պահ կարծես «հանգիստ նստում է և դիտարկում». այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ, ամեն ինչ այն է, ինչ կա: Եվ վերջում, մինչև ալբոմը եզրափակող ինստրումենտալ մասի սկզիբը, համակերպումից ծնվում է մահացած ընկերոջն ուղղված վանկարկումը. Hey Mac!
Դրանից հետո սկսվող հնչյուններն ազդարարում են համակերպումից հետո ապրվող կյանքի սկիզբը: